Մեկնարկում են աշխատանքի վրա հիմնված 4 ֆորմալ և 8 ոչ ֆորմալ կրթական ծրագրեր

Մեկնարկում են աշխատանքի վրա հիմնված 4 ֆորմալ և 8 ոչ ֆորմալ կրթական ծրագրեր

16 ապր, 2021 թ.

Շիրակի մարզում աշխատանքի վրա հիմնված ուսուցում կազմակերպելու և տեքստիլ ու ագրոբիզնես ոլորտների աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մրցունակ մասնագետներ պատրաստելու նպատակով անցկացվեց ֆորմալ և ոչ ֆորմալ (կարճաժամկետ) կրթական ծրագրերի պիլոտավորման նախապատրաստական աշխատանքներին ուղղված երկօրյա աշխատաժողով։

Աշխատաժողովին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, ով կարևորել է ԱՀՈՒ մոդելի ներդրումը Շիրակի մարզի չորս ՄԿՈՒ հաստատություններում՝ կարևորելով գործատուների հետ համատեղ կրթական ծրագրերի իրականացումը՝ ըստ շուկայի պահանջների: Արտակ Աղբալյանը շնորհակալություն է հայտնել մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, Եվրոպական միությանը և People in Need կազմակերպությանը՝ ՄԿՈՒ հաստատությունների մեթոդական և նյութատեխնիկական աջակցություն տրամադրելու համար, միաժամանակ ընդգծելով, որ նախատեսված է ս/թ սեպտեմբերից մեկնարկել 4 մասնագիտությամբ ֆորմալ, իսկ մինչև հունիս՝ 8 մասնագիտությունով ոչ ֆորմալ ԱՀՈւ փորձարարական ծրագրերը։


Աշխատաժողովի ընթացքում քննարկել են աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելով մշակված կարճաժամկետ կրթական ծրագրերը, դրանց իրականացման ընթացքը, պետական և մասնավոր ոլորտների փոխարդյունավետ համագործակցությունը՝ նպաստելով կրթության որակի բարելավմանը, աշխատաշուկայի կարիքների բավարարմանը և գործազրկության մակարդակի նվազմանը։


Հավելենք, որ ավելի վաղ եռակողմ համագործակցության 9 հուշագրեր էին ստորագրվել People in Need-ի, Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանի և «Բանդիվան Կաթ»-ի, Ամասիայի պանրագործարանի, «Կումայրի կարպետ»-ի, Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջի ու Աշոցքի պանրագործարանի և «Գրին Բրոդերս»-ի, Արթիկի պետական քոլեջի և «ՉԵԽ-ԱՐՄ-ԻՆՎԵՍՏ»-ի, «Վոլյում գրուպ» ու «Գրին ֆուդ» ընկերությունների, ինչպես նաև Մարալիկի արհեստագործական ուսումնարանի և «ԱՆԻԻ ՃՇՇ»-ի միջև։


Հուշագրերը ստորագրվել են «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի շրջանակում, որը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացնում է People in Need չեխական կազմակերպությունը: 



Հեղինակ՝ People in Need