Աջակցում ենք  քաղաքացիական հասարակությանը հարավային Կովկասում և Մոլդովայում

Աջակցում ենք քաղաքացիական հասարակությանը հարավային Կովկասում և Մոլդովայում

20 մյս, 2021 թ.

Վերջին տարիների ընթացքում Հայաստանում, ինչպես նաև Վրաստանում ու Մոլդովայում հասունացել է քաղաքացիական միջավայրը՝ ձևավորելով ժողովրդավարության ընկալումը, խոսքի և մտքի ազատությունը և քաղաքացիական ակտիվությունը: Երիտասարդ առաջնորդները, փոքր ոչ ֆորմալ խմբերը և տեղական քաղաքացիական նախաձեռնություններն այս երկրներում քաղաքացիական հասարակությունն ավելի ակտիվ են դարձնում և հանրային օրակարգ բերում նոր թեմաներ։

Քաղհասարակության ոլորտին աջակցելու նպատակով People in Need-ը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացնում է «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է 2020-2022 թվականների ընթացքում, ստեղծել հարթակ քաղաքացիական հասարակության նորաստեղծ կազմակերպությունների, հիմնական խմբերի, քաղաքացիական նախաձեռնությունների և սոցիալական ու մշակութային շարժումների կայացման և զարգացման համար: Այն նաև հարթակ է, որը թույլ է տալիս Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին սովորել ոչ կառավարական ոլորտում նշանակալի փորձ ունեցող ներկայացուցիչներից և սովորել նաև միմյանցից:

Ծրագրի սկզբնական փուլում հայտարարեցինք մասնակցության հայտի մասին, որը միաժամանակ մեկնարկեց Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում և ուղղված էր վերջին երեք տարիներին գրանցված քաղաքացիական հասարակության կազմակերպություններին: Հստակ չափանիշների հիման վրա կատարած ընտրության արդյունքում յուրաքանչյուր երկրում ընտրվեց ութ կազմակերպություն և սկիզբ դրվեց նրանց կարողությունների զարգացման երկամյա ճանապարհին:

«Այս ծրագրի միջոցով մենք առիթ ունեցանք ծանոթանալու գաղափարներին ու գործին նվիրված ու ստեղծագործ մարդկանց, ովքեր, չսպասելով փոփոխություններին, ստանձնում են փոփոխություններ կատարողների դերը իրենց մասնագիտական ոլորտներում կամ համայնքներում», - նշում է People in Need-ի տարածաշրջանային ծրագրի ղեկավար՝ Ելենա Թերզին:

Ընտրված կազմակերպություններն ու ոլորտները վկայում են այն մասին, թե որքան տարբեր է քաղաքացիական միջավայրը ծրագրի թիրախ հանդիսացող երեք երկրներում և որքան մեծ է քաղաքացիական հասարակության ներուժը։ 

Ծրագրի մասնակիցները Հայաստանում



  •  • Առողջապահական քաղաքականության և նորարարության կենտրոն խթանում է մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումը առողջապահության և առողջապահական քաղաքականության նկատմամբ:

• Քաղաքացիական երիտասարդական կենտրոնը ներգրավված է տեղական ինքնակառավարման մարմինների և ավագանու նիստերին քաղաքացիների մասնակցության իրավունքների շահերի պաշտպանության գործում։

• Կրթական, սոցիալական և իրավական ներառման նախաձեռնությունը խթանում է մարգինալացված անձանց ընդգրկումը և ակտիվ մասնակցությունը հասարակական և քաղաքացիական կյանքի տարբեր ոլորտներում:

• «Միտք» երիտասարդական-կրթական նախաձեռնությունը հնարավորություններ է ստեղծում երիտասարդների համար՝ զարգացնելու քննադատական ​​մտածողության հմտությունները և խրախուսում է ներառումը համայնքային միավորումներում։

• Ռեստարտ Գյումրին ընդգրկված է բուհական և ընդհանուր կրթական համակարգում առկա խնդիրների լուծմամ, ինչպես նաև մատչելի, ներառական, ժամանակակից կրթական համակարգ ստեղծելու գործում։

• Կանանց հզորացման ռեսուրս կենտրոն, որի գերակայությունը կանանց իրավունքների պաշտպանությունը և մասնակցության խրախուսումը տեղական ինքնակառավարմանը։

• Երիտասարդական հնարավորությունների ակումբի թիմը օգնում է համավարակի հետևանքով աշխատանք կորցրած երիտասարդներին վերապատրաստվել այլ՝ աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություններում՝ մրցունակ լինելու նպատակով։ 

Երեք երկրներում քաղաքացիական հասարակության այս կազմակերպությունների ընտրությունը կատարվել է մի շարք չափանիշների հիման վրա` ներառյալ համակարգային փոփոխությունների հետաքրքրություն, մոբիլիզացնելու ցանկություն և այլն։ 

«Բոլոր կազմակերպությունները և քաղաքացիական նախաձեռնություններն իրենց սեփական պատմությունն ունեն պատմելու, և մենք ուրախ ենք, որ Եվրոպական միության շնորհիվ կարող ենք աջակցել նրանց, բարձրացնել մարդկանց վստահությունը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների նկատմամբ և օգնել նրանց որպես քաղաքացիական հասարակության դերակատարների՝ կատարել իրենց առաջին քայլերը », - նշում է Ելենա Թերզին:

Ծրագրի թիմն աջակցում է ընտրված կազմակերպություններին: Նրանց հետ աշխատել են հմուտ մասնագետներ, օգնել գնահատել իրենց կարողությունները և մշակել ռազմավարական պլան հաջորդ երկու տարիների համար։Ծրագրի ընթացքում նրանք կունենան վերապատրաստման, մենթորական, խորհրդատվական, ուսումնական այցեր և կրթաթոշակի հնարավորություն: Այս ընթացքում մասնակիցները նաև նոր կապեր ձեռք կբերեն, կամրապնդեն հարաբերությունները համայնքների, աջակիցների ու կամավորների հետ։ 


Մասնակից կազմակերպությունները նաև կուսումնասիրեն թե ինչու և ինչպես համագործակցել մասնավոր հատվածի հետ, ինչպես ինքնակազմակերպվել ու կառավարել ռեսուրսները արդյունավետ, թափանցիկ և հաշվետու եղանակով։  Բացի այդ,  ծրագրի մասնակիցները կազմակերպության զարգացման և արշավների կազմակերպման համար կկարողանան ֆինանսական աջակցություն ստանալ։ 


*****

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում People in Need կազմակերպությունը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

Հեղինակ՝ People in Need