Սոցիալական ներառում և պաշտպանություն

Սոցիալական ներառում և պաշտպանություն

Աջակցություն կամավոր վերադարձող միգրանտների վերաինտեգրմանը՝ աշխատանքի, սոցիալական աջակցության և բիզնես դրամաշնորհի միջոցով

2016թ-ից Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի (OFII) աջակցությամբ իրականացնում ենք «Աջակցություն կամավոր վերադարձող միգրանտների վերաինտեգրմանը` աշխատանք գտնելու, սոցիալական աջակցության և բիզնես դրամաշնորհի միջոցով» ծրագիրը:

Ֆրանսիայից Հայաստան վերադարձած միգրանտների վերաինտեգրմանն աջակցելու նպատակով People in Need հայաստանյան գրասենյակը տրամադրում է խորհրդատվություն, կատարում ընտանիքների սոցիալական կարիքների գնահատում և մշակում բիզնես ծրագրեր՝ OFII-ի կողմից ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով։ Տրամադրվող աջակցության տեսակներն են․

  • սոցիալական և բժշկական աջակցություն
  • մասնագիտական դասընթացների մասնակցության հնարավորություն
  • բիզնես դրամաշնորհի տրամադրում

Մինչ այսօր Ֆրանսիայից կամավոր վերադարձած միգրանտներից շուրջ 300-ն  աջակցություն են ստացել։ Արդյունքում հիմնվել են 60-ից ավելի բիզնես նախաձեռնություններ, ավելի քան 50 շահառու մասնագիտական վերապատրաստման դասընթացների են մասնակցել և 170-ից ավելի ընտանիք ստացել է սոցիալական կամ բժշկական աջակցություն։




Կարդալ ավելին Փակել

Նախկին ծրագրերը

Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում

Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում

Եվրոպական միության կողմից  ֆինանսավորված «Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագիրը, իրականցրել ենք Հայ օգնության միության հետ համատեղ։

Ծրագրի նպատակն էր  աջակցել աշխատանքային  միգրանտների վերաինտեգրմանը ՀՀ-ում, կանխել անօրինական միգրացիան ՝ նպաստելով միգրացիայի պետական քաղաքականության հայեցակարգի 2012-2016թթ. գործողությունների ծրագրի իրականացմանը: 

Ծրագիրն իրականացվել է ՀՀ  չորս մարզերում` Արարատ, Արմավիր, Վայոց Ձոր և Սյունիք, որտեղ ստեղծվել են միգրացիոն տեղեկատվական ռեսուրս կենտրոններ: Սկզբնական շրջանում ռեսուրս կենտրոնները գործել են Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններին կից: Այնուհետև, դրանք գործել են Զբաղվածության համակարգի մեջ:

Իրենց առօրյա գործունեության ընթացքում կենտրոնները համալիր աջակցություն են ցուցաբերել ինչպես պոտենցիալ (տրամադրելով խորհրդատվություն), այնպես էլ վերադարձած միգրանտներին՝ օգնելով  վերջիններիս վերաինտեգրվել հայրենիքում: Նոր աշխատանք գտնելու համար People in Need-ի աջակցությամբ վերամասնագիտացման դասընթացների են մասնակցել 284 վերադարձած միգրանտ, որոնցից ավելի քան 50 % ապահովվել են աշխատանքով:

Նոր աշխատատեղեր ստեղծելու և վերոնշյալ չորս մարզերի տնտեսական զարգացմանը նպաստելու համար մենք ֆինանսավորել ենք նաև 17 լավագույն բիզնես առաջարկները, որոնք ներկայացվել էին Հայաստան վերադարձած աշխատանքային միգրատների կողմից:  Նորաստեղծ բիզնեսները գործում էին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հողագործությունը, անասնապահությունը, ջերմոցային տնտեսությունը, մեղվապահությունը, կահույքագործությունը, թեթև արդյունաբերությունը, տրանսպորտային ծառայությունները, սպասարկման ոլորտն և հացաբուլկեղենի արտադրությունը՝ ապահովելով 55 նոր աշխատատեղ: 

Ծրագրի ընթացքում ուշադրության կենտրոնում են գտնվել նաև ուսումնական հաստատությունները: Մասնավորապես, ծրագրի թիրախ մարզերի ինը ավագ դպրոցներին տրամադրել ենք դրամաշնորհներ, որոնց արդյունքում աշակերտների մասնակցությամբ իրականացվել են տարբեր նախաձեռնություններ՝ ուղղված միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը: 

Ծրագրի հիմնական բաղադրիչներից մեկն էր նաև  «Ճամպրուկ» մրցանակաբաշխությունը, որի նպատակն էր լրատվամիջոցների ուշադրությանն արժանացնել միգրացիոն հիմնախնդիրները, իսկ հանրության ուշադրությունը հրավիրել անօրինական միգրացիայի ռիսկերին ու օրինական միգրացիայի հնարավորություններին: Ծրագրի ընթացքում յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 18-ին, միգրանտի միջազգային օրը, անց է կացվել «Ճամպրուկ»  լրագրողական մրցանակաբաշխությունը: Ծրագրի շրջանակներրում ձևավորված հանագործակցության շնորհիվ  «Ճամպրուկ» մրցանակաբաշխությունը շարունակական բնույթ ունեցավ և  2016թ-ի դեկտեմբերին՝ ծրագրի ավարտից հետո, այն իրականացվեց գործընկեր  կազմակերպությունների  համատեղ ջանքերով:
 
Երեխաների թրաֆիքինգի կանխարգելումը Հայաստանում

Երեխաների թրաֆիքինգի կանխարգելումը Հայաստանում

«Երեխաների թրաֆիքինգի կանխարգելումը Հայաստանում» ծրագրի  նպատակն էր պայքարել երեխաների թրաֆիքինքի դեմ և կանխարգելել դրա հետագա տարածումը Հայաստանում։ Ծրագիրն իրականացրել ենք 2009-2011թթ. տեղական գործընկերներ «Հույս եւ Օգնություն» հասարակական կազմակերպության եւ Հայ Օգնության Միության հետ համատեղ` Եվրոպական միության և Չեխիայի կառավարության աջակցությամբ։

Ծրագիրն իրականացվել է ՀՀ բոլոր մարզերում (Արագածոտն, Արարատ, Արմավիր,Գեղարքունիք, Լոռի,Կոտայք,Շիրակ, Սյունիք, Վայոց Ձոր և Տավուշ)` թիրախավորելով հանրակրթական և հատուկ դպրոցների երեխաներին, սոցիալական ու դաստիարակչական նշանակության հաստատություններում գտնվող 5-18 տարեկան երեխաների, փողոցի երեխաներին (մուրացիկ, թափառաշրջիկ) և լայն հասարակությանը։

«Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից այս ծրագրի շրջանակներում իրականացվել է թրաֆիքինգի մասին իրազեկվածության աստիճանի որոշմանն ուղղված հետազոտություն՝ 1200 տնային տնտեսություններում եւ 800 երեխաների շրջանում: 

Ըստ հետազոտության արդյուքների՝ հասարակության միայն 1,8 տոկոսն էր լսել թրաֆիքինգի մասին, անիրազեկվածությունը մեծ էր նաև մասնագետների շրջանում: Հանրապետության 350-ից ավելի դպրոցներում, վերապատրաստվել են 9-11-րդ դասարանի դասղեկները, ովքեր հետագայում ուսումնական տարվա ընթացքում դասաժամ էին տրամադրում թրաֆիքինգի թեմային: 

Կազմակերպվել է նաև10-օրյա ամառային դպրոց  Երևանի, Գյումրու և Վանաձորի մանկավարժական համալսարանների ուսանողների համար: 

Վերապատրաստման  դասընթացներ են կազմակերպվել մանկատների, խնամքի կենտրոնների, հատուկ դպրոցների  բոլոր աշխատակիցների, ոստիկանության, դատախազության աշխատակիցների և ԱԱԾ սահմանապահների, մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի «Ընտանիքի, կանաց և երեխաների հարցերի» բաժնի աշխատակիցների և խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների համար: Ծրագրի ընթացքում մշակվել է օրենսդրական նախաձեռնություն «թրաֆիքինգի և սեռական բռնության անչափահաս զոհերի և վկաների պաշտպանության համակարգի» վերաբերյալ, որը ներառվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» կատարված փոփոխությունների մեջ:
 
Կենցաղային խնամքի ծառայություններ տարեցների համար

Կենցաղային խնամքի ծառայություններ տարեցների համար

Մեր «Կենցաղային խնամքի ծառայություններ տարեցների համար» ծրագրի նպատակն էր օգնել Ամասիա համայնքում բնակվող միայնակ ծերերին։ 

Ծրագրի իրականացման ընթացքում Ամասիա համայնքում բնակվում էին շուրջ 90 միայնակ ծեր, որոնք կենցաղային հարցերում օգնության կարիք ունեին:

Գնվել է հատուկ մեքենա՝ իր մեջ հարմարեցված լվացքի մեքենայով, ջրի մատակարարման և այլ հնարավորություններով։ Ծրագրի թիմը պարբերաբար շրջելով տարեցների տներով՝ կենցաղային հոգսերն էր թեթևացնում, օգնում տան մաքրման, հողագործության և այլ հարցերում։

Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ ծրագրի շրջանակում ձեռք բերված մեքենայի և այլ կենցաղային տեխնիկայի և Ամասիայի համայնքապետարանի և կամավորների շնորհիվ ծրագիրն ավարտից հետո անգամ շարունակական բնույթ է կրում: Համայնքի կամավորներն ու Ամասիայի համայնքապետարանի աշխատակիցներն այցելում են տարեցներին ու օգնում նրանց։