Համագործակցության հուշագրեր են ստորագրվել Շիրակի մարզի գործատուների, ՄԿՈւ հաստատությունների և People in Need կազմակերպության միջև

Համագործակցության հուշագրեր են ստորագրվել Շիրակի մարզի գործատուների, ՄԿՈւ հաստատությունների և People in Need կազմակերպության միջև

28 դեկ, 2020 թ.

Դեկտեմբերի 26-ին՝ Գյումրիում համագործակցության հինգ հուշագրեր է ստորագրվել միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների, բիզնես կազմակերպությունների և People in Need հասարակական կազմակերպության միջև` Շիրակի մարզում տեքստիլ ու ագրոբիզնես ոլորտների աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մրցունակ մասնագետներ պատրաստելու և վերապատրաստելու նպատակով։

Կողմերի միջև համագործակցությունը, ինչպես նաև ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական կազմի մասնագիտական կարողությունների զարգացման, նյութատեխնիկական բազայի համալրման և մյուս միջոցառումները 2019 թվականից իրականացվում են People in Need կազմակերպության կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի շրջանակում։

Հուշագրերի ստորագրման պաշտոնական արարողությունն ընթացել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանի, Շիրակի մարզպետարանի կրթության բաժի պետ Գևորգ Ղումաշյանի, Գյումրու Տարածքային զբաղվածության կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանի և այլ հյուրերի մասնակցությամբ։

«Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագիրը նպատակ ունի զարգացման նոր հնարավորություններ ստեղծել Շիրակի մարզի գործատուների և ՄԿՈՒ հաստատությունների համար՝ պատրաստելով աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մրցունակ մասնագետներ՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոտեցումներով, ինչն էլ իր հերթին կխթանի մարզում ձեռնարկատիրական գործունեության զարգացումը », - նշում է People in Need հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցը։

Եռակողմ համագործակցության հուշագրերը կնքվել են People in Need-ի հետ՝ Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանի և Բանդիվան Կաթի միջև, Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանի և Ամասիայի գլխավորող պանրագործարանի միջև, Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանի և Կումայրի կարպետի միջև, Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջի և Աշոցքի պանրագործարանի միջև, Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջի և Գրին Բրոդերսի միջև։


Հիմք ընդունելով միևնույն ծրագրի շրջանակում մշակված «ՀՀ Շիրակի մարզում աշխատանքի շուկայի (ոլորտային հմտությունների) գնահատման վերաբերյալ» զեկույցը, ինչպես նաև տեքստիլ և ագրոբիզնես սեկտորների մասնավոր կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների հետ հանդիպումների ամփոփ արդյունքները, պայմանավորվածություններ են ձեռք բերվել գործատուների հետ՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման բաղադրիչը գործատուի մոտ իրականացնելու նպատակով, նախանշվել են այն ուսումնական ծրագրերը, որոնք համատեղ փորձարկվելու են ՄԿՈՒ 4 հաստատություններում՝ Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանում, Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարանում, Արթիկի պետական քոլեջում և Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջում։

2021-ին համագործակցության հուշագրեր կստորագրվեն նաև «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի մյուս մասնակիցների՝ Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարանի, Արթիկի պետական քոլեջի և մի շարք այլ գործատուների հետ։


«Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագիրն իրականացվում է People in Need կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրի գործընկերներն են Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանը, ինչպես նաև Ջի-Այ-Զեթը (GIZ-Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն) և Զբաղվածության պետական գործակալությունը։  




Հեղինակ՝ Շուշանիկ Ներսեսյան, Մեդիա և հաղորդակցության ղեկավար