
Կայուն կենսապահովում և շրջակա միջավայր
ԵՄ-ն Շիրակի մարզի համար․ նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության
Ամասիայի բրդի գործարան
Մեր գործընկերների հետ համատեղ և Եվրոպական միության և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ մշակել ենք Շիրակի մարզում բրդի արժեշղթայի զարգացմանն ու մոդերնիզացիային ուղղված ծրագիրը՝ ստեղծելով նաև ոչխարաբուծությունից մինչև բրդյա թելի և ապրանքների արտադրության առաջխաղացման հնարավորություն։ Մշակել ենք բրդի արտադրության և արհեստների զարգացման նախաձեռնություն, որը նպաստում է մարզում աշխատատեղերի ստեղծմանը և փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացմանը, խթանելով բնակչության՝ մասնավորապես կանանց զբաղվածության և ՓՄՁ-ների տնտեսական մրցունակության բարձրացմանը։
Որպես ծրագրի հիմնական արդյունք, Ամասիա համայնքում հիմնադրվել է Ամասիայի բրդի գործարանը։ Տեղացի և օտարերկրյա մասնագետները դասընթացներ են անցկացրել ապագա աշխատակիցների և հետաքրքրվող անձանց համար, ովքեր բրդի գործարանի և բրդի արժեշղթայում գործող ՓՄՁ-ների շնորհիվ ապահովվում են մշտական աշխատանքով։
Ծրագրի ընթացքում բրդի արժեշղթայում գործող նորաստեղծ 4 ՓՄՁ-ներ արդեն ֆինանսական և խորհրդատվական աջակցություն են ստացել։ Առաջիկայում այս հնարավորությունից կօգտվեն նաև այլ նորաստեղծ ձեռնարկություններ։
Այս ծրագիրը մեծապես նպաստում ՝ որակյալ բրդյա թելերի և ապրանքների արտադրությանը, իսկ ստեղծվող ապրանքները համապատասխանեցվում են տեղական փորձին և միջազգային շուկայի պահանջներին, ինչպես նաև նորաձևության միտումներին:
ԵՄ-ն զբոսաշրջության զարգացման համար․արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում
Լեգենդների արահետ
Այս ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ Գորիս և Կապան համայնքներում՝ ընդգրկելով քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, գյուղական համայնքներում առկա քաղաքացիական խմբերին (ներառյալ երիտասարդական, կանանց և այլ խմբեր), անհատական կամ ընտանեկան փոքր ձեռնարկատիրություններին (ներառյալ գործող և նորաստեղծ ընկերություններ)։ Ծրագրի հիմնական շահառուները գյուղական համայնքների բնակիչներն են, ովքեր, որպես կանոն, նախկինում չեն մասնակցել տուրիզմի ենթակառուցվածքների զարգացման գործընթացներին։
Ծրագրի շրջանակում կառուցվել է 200 և ավելի կմ երկարությամբ Լեգենդների արահետ՝ Խնձորեսկից մինչև Խուստուփ, որը նպաստում է հարակից տարածքների գրավչության ու պատմական վայրերի բացահայտմանը, ինչպես նաև զարգացնում այլընտրանքային՝ էկո տուրիզմը՝ հնարավորություն տալով գյուղական համայնքներին տևականորեն օգտվել զբոսաշրջիկների աճող ներհոսքից:
Գորիս և Կապան համայնքներն իրար կապող քայլարշավային այս արահետն ուսումնասիրվել, քարտեզագրվել և նշագրվել է համայնքաբնակների, ուսանողների և կամավորների հետ համատեղ։
Համագործակցելով Գորիսում և Կապանում գործող թանգարանների հետ, հավաքագրվել են տեղի լեգենդները, պատմական իրադարձությունները և ավանդույթները՝ զբոսաշրջիկների համար նոր հետաքրքրություն առաջացնելու համար։ Լեգենդների մասին պատմող գիրքը կհրապարակվի առաջիկայում։
Գորիսի և Կապանի 19 բնակիչներ արդեն դրամական և խորհրդատվական աջակցություն են ստացել համայնքային նախաձեռնությունների և ընտանեկան ձեռնարկատիրությունների զարգացման համար։ Առաջիկայում այլ քաղաքացիներ նույնպես կստանան աջակցություն՝ տուրիստական բնագավառում գործունեություն ծավալելու համար:
Նախկին ծրագրերը

Կրճատե՛նք, վերաօգտագործե՛նք, դառնա՛նք բնության ընկերը
Խրախուսելով հանրության լայն զանգվածներին՝ կրճատել պլաստիկ տոպրակների օգտագործումը և գնումներ կատարելիս հնարավորության դեպքում հրաժարվել վերջիններից, պատրաստել ենք նաև հետաքրքրաշարժ կոլորիտով գրպանի, թեթև տոպրակներ թե՛ կանանց, և թե՛ տղամարդկանց համար:
Ծրագրի շրջանակում Սյունիքի մարզում անցկացվել է հետազոտություն, որի արդյունքների հիման վրա էլ ձևավորվել են տեղեկատվական արշավներն ու տոպրակների դիզայնը։ Հետազոտությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ։
Բազմակի օգտագործման տոպրակներ են փոխանցվել նաև գործընկեր կազմակերպություններին՝ խրախուսելու սովորույթ դարձնել վերջիններիս օգտագործումը։ Պլաստիկ տոպրակների կրճատման իրազեկության արշավին միացել են նաև հայտնի դերասաններ, սյունեցի սիրված ուսուցիչներ, բժիշկներ և այլ քաղաքացիներ:
Պատրաստվել է նաև սոցիալական գովազդ հանրության լայն շրջանակներին տեղեկացնելու պլաստիկ տոպրակների վնասակարության ու դրանցից հնարավորինս հրաժարվելու մասին։