Աջակցություն տեղահանված ընտանիքներին

Աջակցություն տեղահանված ընտանիքներին

08 հլս, 2021 թ.

Ցուրտ եղանակն ու ձյունն ավելի դժվարացրեց հազարավոր մարդկանց կյանքը Հայաստանում, որոնք տեղահանվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում: Տները կորցնելուց հետո, ձմռան ցուրտ պայմաններում նրանք ստիպված էին բնակության վայրից բացի, հոգալ նաև ջեռուցման հոգսերը։

Նրանց հոգսը թեթեւացնելու նպատակով՝ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության հումանիտար օգնության ֆինանսավորմամբ Սյունիքի, Արմավիրի, Արարատի եւ Վայոց Ձորի մարզերում գրանցված 500 տեղահանված ընտանիքի էկոլոգիական մաքուր վառելանյութ (էկո-բրիկետներ) է տրամադրել: Արփինեն, Մինարետան ու Վարուժանը ծրագրի շահառուներից են: «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն օգություն է տրամադրել նաեւ ավելի քան 4200 ընտանիքի՝ վճարելով նրանց կոմունալ ծախսերը եռամսյակի համար:

«Մինչ հոկտեմբեր ամսվա վերջը ես Շուշիում էի, մեր տան նկուղում: Մենք այնքան շատ բան ունեինք Շուշիում։ Մոտ 100 մեղվաթեթակ, հողատարածք», - նշում է Մինարետան: Նա իր ամուսնու հետ այժմ բնակվում է վարձով՝ Հայաստանի գյուղերից մեկում: Մեծ սեփական տուն է, որը ջեռուցման կարիք ունի նույնիսկ ապրիլ ամսին:

Մինարետայի ընտանիքը 600 կգ էկո-բրիկետ է ստացել «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից: «Փայտը բավականին թանկ է, իսկ Հայաստանում այն է՛լ ավելի թանկ է, քան Ղարաբաղում էր», - նշում է նա:

Շատերը, ովքեր հակամարտության արդյունքում լքել են Լեռնային Ղարաբաղը, մինչ այժմ աշխատանք են փնտրում Հայաստանում ու չեն կարողանում փայտ գնել ջեռուցման համար: Արփինեն Գորիս համայնքի Վերիշեն գյուղում է բնակվում իր ամուսնու ու դստեր հետ, ասում է. «Մենք փայտ էինք գնել, ապա աշխատած գումարը վճարել դրա դիմաց: Եթե մենք այս բրիկետները որպես օգնություն չստանայինք, ստիպված կլինեինք եղած գումարը նորից փայտի վրա ծախսել»:

Վարուժանն իր կնոջ ու չորս երեխայի հետ տեղահանվել է Հադրութից: «Նրանք («Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունից) զանգահարեցին ու հարցրեցին, թե ինչ ենք օգտագործում ջեռուցման համար: Ասացի, որ հիմնականում հոսանք ու գազ, բայց գնել եմ նաեւ փայտ մոտ 180 հազար դրամով: Նրանք բերեցին 60 պարկ բրիկետ, ընդհանուր 600 կգ: Շատ լավ է վառվում. օրը երկու պարկ օգտագործում ենք»:


Հեղինակ՝ Tereza Hronova