Հետաքրքիր ժամանց

Հետաքրքիր ժամանց

15 ապր, 2021 թ.

Լեգենդների արահետի հիմնական գրավչությունը գեղեցիկ բնությունն է, տպավորիչ լանդշաֆտը և բազմաթիվ պատմական հուշարձանները: Սակայն բացի դրանից, արահետը առաջարկում է ակտիվ և պասիվ հանգստի բազմաթիվ հնարավորություններ։ Արահետով քայլելիս դուք կարող եք հանգստանալ և վերալիցքավորվել բնության գրկում, ծանոթանալ տեղական արվեստներին և արհեստներին։

Այցելեք Լեգենդների արահետում գտնվող Լենդ-Արտ (Land Art) կոչվող վայրերը ծանոթացեք տեղական արվեստներին և արհեստներին։

Լենդ-Արտն արվեստի ուղղություն է, որը սկիզբ է առել Միացյալ Նահանգներում 1960-ականների վերջին, այստեղ արվեստագետի ստեղծած աշխատանքը շատ սերտ կապված է բնական լանդշաֆտի հետ և գաղափարի իրագործման համար չի օգտագործվում բնության համար վնասակար նյութեր։

Կախարդական անտառ

​Քայլեք Տանձավեր գյուղից դեպի հարավ օղակաձև արահետով, որտեղ գողտրիկ անտառում գտնվող այս արվեստի գործերը՝ անտառի ոգիների ու փերիների, ծառերի փչակներից ձեզ նայող թռչունների տեսքով, ստեղծվել են տեղացի և օտարերկրացի արվեստագետների կողմից 2019 թվականին՝ Լեգենդների արահետն էլ ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով։     

Վահանավանքի արվեստի և բնության կիրճ

​Կապանից 12 կմ արևմուտք, Վահանավանքի մոտակայքում գտնվող այս գողտրիկ անկյունը 1 կմ երկարությամբ օղակաձև արահետ է, որտեղ կա լենդ-արտի մոտեցմամբ ստեղված 20 ստեղծագործություն, 10 նստարան և ձեռագործ երկու գեղեցիկ կամուրջ, որոնք ձգվում են կիրճով հոսող գետի վրայով։ Արահետի երկայնքով տեղադրված են տասնյակ վահանակներ, որոնք տեղեկություններ են տալիս տեղական բուսական և կենդանական աշխարհի մասին:

Վաչագանի գյուղական կյանք

Լեգենդների արահետի Վաչագան-Բաղաբուրջ հատվածում, Վաչագան գյուղից ոչ հեռու, 19-րդ դարի կամրջից 50 մ հեռավորության վրա կա մի գեղատեսիլ անկյուն՝ արվեստի գործերի հավաքածուով, որտեղ կարելի է շատ լավ ժամանակ անցկացնել միայնակ կամ ընկերների հետ։

Վաչագան գյուղում գտնվող Խուստուփ հյուրատունը առաջարկում է վարպետության դասեր/ օղու թորում, Վաչագան գետում ձկնորսություն, խոհարարություն, պանիր պատրասելու, կաթից կարագ պատրաստելու դասընթաց։

Իսկ եթե ցանկանում եք ծանոթանալ տեղացի նկարիչների ստեղծագործություններին, կամ տեղական արվեստներին, ինչպիսիք են գորգագործությունը, խաչքարագործությունը, դիմեք տեղացի էքսկուրսավարներին։ Հնարավոր է կազմակերպել տեղացի նկարիչների այց, ինչպես նաև գորգագործության և խաչքարագործության վարպետաց դասեր և այլն։ Հնարավոր է նաև էթնիկ երաժշտության համերգի կազմակերպում (դիմել էքսկուրսավար Դավիթ Հակոբյանին):

Արահետի վրա գտնվող Բեխ, Վաչագան և Բաղաբուրջ գյուղերը բավական մոտ են գտնվում Կապան քաղաքին և այստեղից բավականին հեշտ է այցելել մշակութային միջոցառումների, որոնք տեղի են ունենում Կապանում՝ բացօթյա, կամ համերգային դահլիճներում։


Խորհուրդ ենք տալիս նաև այցելել թանգարաններ

Կապանի երկրագիտական թանգարան

Թանգարանը հիմնադրվել է 1969 թվականին, այն ունի հարուստ հավաքածու, ամենահին ցուցանմուշները թվագրվում են մ․թ․ ա յոթերորդ հազարամյակով։ Այստեղ կարող եք տեսնել բրոնզի դարից մինչև սովետական շրջանի, ուրարտական ծամանակաշրջանից մինչև մեր օրերի բացառիկ նմուշներ, որոնք արտացոլում են Կապանի կյանքն ու նիստուկացը, ծանոթացնում Կապանի մեծերի կյանքի պատմությանը։

Կապանի ժամանակակից արվեստի թանգարան

Թանգարանում ցուցադրվում են գեղանկարիչների, քանդակագործների, գրաֆիկների և դեկորատիվ կիրառական արվեստի վարպետների աշխատանքները։ Բացի մշտական ցուցադրությունից, թանգարանում կազմակերպվում են Կապանի նկարիչների անհատական և խմբակային ցուցահանդեսներ։

Ձորաստանի երկրագիտական թանգարան

Թանգարանում ներկայացված են գյուղացիների կողմից պատրաստված հուշանվերներ և նկարներ, գյուղի տարածքում պեղած հնություններ, ինչպես նաև պատմություններ գյուղի և գյուղացիների, ինչպես նաև՝ հարևան գյուղերի մասին:


Վերալիցքավորվեք և վերականգնեք ձեր ուժերը

Եթե հոգնել եք քաղաքային կյանքից և դրա պատճառած սթրեսներից, կարող եք գալ Լեգենդների արահետ։

Հոգևոր անդորր և ներքին խաղաղություն կարող եք գտնել հինավուրց եկեղեցիներում և վանքերում, որոնք գտնվում են արահետի ողջ երկայնքով։ Կարող եք շրջել բնության գրկում կամ հանգստանալ խոտերի վրա՝ կլանելով արևի էներգիան և մաքուր օդով լցնելով ձեր թոքերը: Իսկ երեկոյան, ընկերների հետ խարույկի շուրջ նստած վայելեք համեղ էկոլոգիապես մաքուր ընթրիքը, նայեք ջինջ երկնքում փայլող աստղերին, կիթառ նվագեք և երգեք ձեր սիրած երգերը։

Այստեղ՝ արահետի Տաթև-Խուստուփ հատվածի յուրաքանչյուր սեգմենտում, դուք կարող եք վայելել ձեր հանգիստը բնության գրկում, գիրք կարդալ կամ ստեղծագործել, ժամանակ տրամադրել ինքներդ ձեզ, զբաղվել յոգայով և մեդիտացիայով։ Յոգայի և մեդիտացիայի համար առանձնապես հարմար բացատներ կան Տանձավերի ԱՐԿ-ի ճամբարի մոտ, Առաջաձոր գյուղից 300մ դեպի Շղարշիկ գյուղի հատվածում, Վահանավանքից 2 կմ դեպի Բեխ հատվածում, Բաղաբուրջ-Խուստուփ սեգմենտի՝ Ստորոտ (Նավչա) կոչվող հատվածում։ Անհրաժեշտության դեպքում ձեր խմբին կարող է ուղեկցել նաև յոգայի մարզիչ։ Կապանի մոտ գտնվող ԱՐԿ-ի ճամբարը առաջարկում է նաև մերսման ծառայություններ։ Եթե ձեր մարմինը կարող է լուրջ ֆիզիկական վարժությունների, ԱՐԿ-ի ճամբարում կարող եք մարզվել։

 Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ԱՐԿ» բնապահպանական հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:Լեգենդների արահետը ստեղծվել է Եվրոպական միության և People in Need կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության «ԵՄ-ն զբոսաշրջության զարգացման համար․ արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակում` «ԱՐԿ» բնապահպանական ՀԿ-ի հետ գործընկերությամբ:

Կապ՝ վերոնշյալ մասնագետների հետ

  • Դավիթ Հակոբյան՝ էքսկուրսավար-ուղեկցորդ, վարպետաց դասերի կազմակերպում, հեռ․`+37493049808
  • Վիլեն Աղագուլյան՝ էքսկուրսավար-ուղեկցորդ, հեռ`․ +374 77778670
  • Անուշ Չալյան՝ հեռ․`+374 94350950
  • Ելենա Մկրտչյան՝ գորգագործ, հեռ.`+37477839798
  • Ալիկ Առաքելյան՝ խաչքարագործ, հեռ․` +37494558322
  • Մերի Մովսիսյան՝ ֆիտնեսի և յոգայի մարզիչ, հեռ․՝ +374 607172
  • Խուստուփ հյուրատուն, Աշոտ Հարությունյան՝ վարպետության դասեր Վաչագան գյուղում հեռ․՝ +374 44444407


Հեղինակ՝ ARK Armenia