Մենք աջակցում ենք կին ձեռներեցներին

Մենք աջակցում ենք կին ձեռներեցներին

26 հնվ, 2021 թ.

People in Need /«Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունն իրականացնում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագիրը, որի նպատակն է մեղմացնել համավարակի հետևանքները՝  նպաստելով ընտրված թիրախային խմբերի սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը: Ծրագրի մասնակիցների ընտրության ընթացքում People in Need-ն առանձնահատուկ կարևորել է նաև կանանց ձեռներեցությունը: Ծրագրի մասնակիցներից Լենան, Թամարան և Տատյանան կիսվում են իրենց ոգեշնչող պատմություններով:

Լենան ուսանողական տարիներից ներգրավված է բնապահանական արշավներում: Ինչպես նա է նշում, նման արշավների, ակտիվիստների ու բնապահպանական կազմակերպությունների շնորհիվ է նաև, որ ՀՀ կառավարությունը ծրագրել է 2022 թվականից արգելել պլաստիկ տոպրակների օգտագործումը։

Լենան գիտակցում է, որ էկոլոգիապես մաքուր տոպրակների կիրառումը տարածելու համար դեռ շատ աշխատանքներ պետք է կատարվեն: Ցանկալի արդյունքին ավելի արագ հասնելու եւ գաղափարը բիզնեսի վերածելու նպատակով՝ Լենան դիմել է People in Need-ի վերոնշյալ ծրագրի մասնակից հասարակական կազմակերպություններից մեկի՝ «Կանանց Իրավունքների Տուն» ՀԿ-ի դրամաշնորհային մրցույթին: Նա ցանկանում է ստեղծել բազմակի օգտագործման պայուսակներ․ էկոլոգիապես մաքուր այլընտրանք՝ պլաստիկ տոպրակների փոխարեն: Այս ծրագրի շրջանակում նախ տրամադրվում է բիզնեսի զարգացմանն ուղղված մի շարք դասընթացներ, իսկ դրանք հաջողությամբ ավարտելուց հետո Լենան կշարունակի պայքարը՝ դրամաշնորհ ստանալու համար։ Հաջողելու դեպքում՝ ֆինանսական աջակցությունը կօգտագործվի համապատասխան սարքավորումներ գնելու համար։

Լենան իր նախաձեռնությունը միայնակ չի մեկնարկել։ Լենայի մայրը, ով շատ է սիրում կար անել, սակայն երբևէ հնարավորություն չի ունեցել տվյալ ոլորտում աշխատելու, վերջապես կարող է գործի դնել իր ունակությունները։ Եվ՛ Լենան, և՛ նրա մայրը քաջ գիտակցում են, որ մեծ փոփոխությունները սկսվում են փոքր քայլերից:


Թամարայի նպատակները նույնքան հաստատակամ են: ԲՈւՀ ավարտելուց հետո իր մասնագիտությամբ աշխատանք չգտնելու արդյունքում Թամարան սկսեց հայկական ավանդական գաթա պատրաստել և վաճառել։ Տանը պատրաստած գաթաները նա սկսեց առաջարկել հացաբուլկեղենի խանութներին և կարողացավ անմիջապես գրավել հաճախորդներին. շուտով գաթայի պահանջարկը գերազանցեց արտադրությանը: Սակայն, Թամարան չուներ ձեռներեցության փորձ, մեծածախ պատվերների համար համապատասխան սառնարան, վառարան և հարմար տարածք՝ գործունեությունը ընդլայնելու համար: 

Մասնակցելով «Կանանց Իրավունքների Տուն» կազմակերպության ծրագրին՝ Թամարան սկսեց ձեռներեցության մասին արժեքավոր գիտելիքներ ձեռք բերել։

«Դասընթացների ժամանակ հայկական ավանդական գաթան օրեցոր ավելի հայտնի ու պահանջված էր դառնում ծրագրի մյուս մասնակիցների շրջանում», ասում է նա, նշելով, որ իր պատրաստած գաթայի պահանջարկ սկսեց ձևավորվել անգամ Երևանում և արտերկրում: «Այս դասընթացն ավարտելուց հետո ես ինձ ավելի վստահ եմ զգում եւ պլանավորում եմ ընդլայնել իմ թիմն ու գործունեությունը»:


«Կանանց Իրավունքների Տուն» կազմակերպության դասընթացները Տատյանայի համար նույնպես ճանապարհ է դեպի արժանապատիվ ապագա: Տատյանան սիրում է ստեղծագործ աշխատանքով զբաղվել, գրքեր կարդալ: Նա ցանկանում է ընթերցանությունն ավելի գրավիչ դարձնել երեխաների և մեծահասակների համար՝ ստեղծելով աչքի ընկնող, վառ գույներով ձեռագործ էջանշաններ: Յուրաքանչյուր դասընթացից հետո Տատյանան փորձել է իր նոր հմտությունները գործի դնել, այսպես կոչված, իր «փոքրիկ արարածներին» էլ ավելի հետաքրքիր դարձնելով: Նա երեկոներն անցկացրել է մտքում ծագած կերպարները վերածելով էջանշանների: Տատյանան հավատում է, որ կանայք շատ զորեղ են և կարող են բերել փոփոխություններ՝ ոգեշնչելով այլ աղջիկների և կանանց՝ լսելու իրենց ներքին ձայնն ու իրականացնելու իրենց երազանքները: 


«ԵՄ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագիրը շարունակում է օգնել հայ կանանց՝ մասնագիտական անհրաժեշտ ունակություններ ու միջոցներ ձեռք բերելու և ձեռներեցությամբ զբաղվելու հարցում: 

Նշենք, որ այս դասընթացներն անց են կացվում Գյումրիում՝ «Կանանց Իրավունքների Տուն» կազմակերպության կողմից։ 

Դրամաշնորհային մրցույթի ավարտին մասնակից քսանհինգ կանանցից տասը ֆինանսավորում կստանան իրենց բիզնես գաղափարը կյանքի կոչելու համար։

        


Հեղինակ՝ Shushanik Nersesyan, People in Need