ԵՄ աջակցությամբ Շիրակի մարզի բրդի արժեշղթայում հիմնադրվում է ևս 2 ընկերություն 9 աշխատատեղով

ԵՄ աջակցությամբ Շիրակի մարզի բրդի արժեշղթայում հիմնադրվում է ևս 2 ընկերություն 9 աշխատատեղով

08 հլս, 2020 թ.

Եվրոպական միության և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ ընթացող People in Need միջազգային կազմակերպության «ԵՄ-ն Շիրակի մարզի համար. նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի շրջանակում բրդի արժեշղթայում ստեղծվում են ևս 2 ընկերություն` ապահովելով 9 նոր աշխատատեղ։

Երկու նորաստեղծ ընկերությունների հիմնադիրները ֆինանսական ու մարքեթինգի պլանավորման դասընթացների են հաճախել, ապա նաև դրամաշնորհ ստացել ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն Շիրակի մարզի համար. նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի շրջանակում և միևնույն ծրագրով Շիրակի մարզում հաջողությամբ ներդրված բրդի արժեշղթայում գործունեություն ծավալելու, այդ թվում՝ Ամասիայի բրդի գործարանի արտադրանքն իրացնելու և դրանով իսկ բրդի արժեշղթան ընդլայնելու համար։


Մանե Գևորգանը, ով ներկայացնում է նորաստեղծ ընկերությունը, նշում է, որ իր ընկերությունն արտադրելու է օրորոցային կողաբարձեր, օրթոպեդիկ բարձեր՝ կերակրող մայրերի և հղիների համար, ինչպես նաև այլ պարագաներ, օգտագործելով Ամասիայի բրդի գործարանում մշակված մաքուր բնական բուրդը, որն իր հերթին հարմարավետությունից բացի կնվազեցնի նաև մեջքի ցավերը։


Մարիամ Հարությունյանի ձեռնարկությունը, կրկին օգտագործելով Ամասիայի բրդի գործարանի արտադրանքը, մեքենայացված արտադրության բրդյա ներքնակներ ու վերմակներ կարտադրի։ Նա ծրագրում է վերմակների փոքր արտադրություն հիմնել, որը կարտադրի նաև երեխաների և մեծահասակների համար անկողնային այլ պարագաներ։


Հիշեցնենք, որ Ամասիայի բրդի գործարանը պաշտոնապես գործարկվեց 2019 թ․ հուլիսի 19-ին։ Շնորհիիվ այս ծրագրի՝ գործարանում վերապատրաստվել և այժմ աշխատում է 19 մասնագետ։

Բրդի արժեշղթայում 2019 թ․ հոկտեմբեր ամսին հիմնադրվել են նաև 4 այլ ընկերություն, որոնք նույնպես արտադրում են բրդյա տարբեր պարագաներ ընդհանուր հաշվով կստեղծեն մոտ 25 աշխատատեղ։

«ԵՄ-ն Շիրակի մարզի համար․ Նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի տևողությունը 2 տարի է՝ 2018-2020 թթ․։ Ծրագիրն իրականացվում է ԵՄ համաֆինանսավորմամբ և ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ՝ People in Need ՀԿ-ի կողմից: Ծրագրի իրականացման գործընկերներն են «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամը, Շիրակի մարզի առևտրաարդյունաբերական պալատը և Ամասիայի համայնքապետարանը:

Ամասիայի բրդի գործարանի արտադրանքն՝ այստեղ, հոլովակը՝ այստեղ։


Հեղինակ՝ Շուշանիկ Ներսեսյան