«Ճամպրուկ» լրագրողական մրցանակաբաշխություն

«Ճամպրուկ» լրագրողական մրցանակաբաշխություն

17 դեկ, 2010 թ.

«Ճամպրուկ» ամենամյա մրցանակաբաշխությունը կազմակերպվում էր People in Need չեխական հասարակական կազմակերպության, ՄԱԿ-ի հայաստանյան ասոցիացիայի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակում ամփոփվեցին «Ճամպրուկ» լրագրողական մրցանակաբաշխության արդյունքները` նվիրված միգրացիոն խնդիրներին: Մրցանակները նախատեսված էին այն լրագրողների համար, ովքեր անցած տարվա ընթացքում իրենց հրապարակումներում լավագույնս լուսաբանել էին միգրացիային, այդ թվում` նաեւ անօրինական միգրացիային նվիրված թեմաներ:

Այս տարի առաջին մրցանակին արժանացավ Ադրինե Թորոսյանը «Հետք» շաբաթաթերթից, իսկ Հանրային ռադիոն եւ Ռադիոհայը արժանացան հատուկ մրցանակների: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերի խոսքով` միգրացիոն խնդիրների եւ դրանց լուծմանն ուղղված միջոցառումների առումով ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում քաղաքացիական հասարակության եւ ԶԼՄ-ների հետ համագործակցությանը:

«Ես եղել եմ այս ծրագրի նախաձեռնողներից մեկը եւ ուրախ եմ տեսնելու դրա հետագա զարգացումը»,- նշեց դեսպանը` հավելելով, որ լրագրողների գործունեությունը կարող է նաեւ մեծ ազդեցություն ունենալ վերադարձող միգրանտների վերաինտեգրման գործում: ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի խոսքով` լրագրողական հանրության հիմնական խնդիրն այս ոլորտում բացասական հետեւանքների նվազեցումն է եւ դրական ազդակների ավելացումը:

«Հայաստան-ԵՄ հարաբերությունների հիմնական ուղղություններից մեկն էլ համագործակցությունն է միգրացիոն քաղաքականության հարցում»,- նշեց Գ.Եգանյանը` հավելելով, որ լրագրողների աշխատանքն այս ոլորտում կարգավորիչ բնույթ ունի: Նշենք, որ ամենամյա մրցանակաբաշխությունը կազմակերպվում է «Մարդիկ կարիքի մեջ» չեխական հասարակական կազմակերպության, ՄԱԿ-ի հայաստանյան ասոցիացիայի եւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից:

Հրապարակումը՝ Արմենպրես գործակալության էջից։


Հատված՝ 2013-ին կայացած մրցանակաբաշխությունից


Հեղինակ՝ Արմենպրես, Ազատություն ռ/կ